Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանի միջեւ ստորագրվել է բարեկամության եւ համագործակցության հուշագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը,հուշագիրը ստորագրվել է ՌԴ Իրկուտսկ եւ Բրատսկ քաղաքներում՝տեղի հայ համայնքի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ: ՌԴ Իրկուտսկի մարզ է մեկնել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը՝ բաղկացած երեք հոգուց:Հուշագիրը ստորագրել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ ՌԴ Բրատսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Բալովնեւը:
«Կնքված հուշագրով մենք համագործակցության առաջնահերթությունը տալիս ենք տուրիզմի ոլորտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրկուտսկի մարզը մեզանից գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ: Այս ոլորտում արձանագրվող ձեռքբերումներից հետո նոր կձեռնարկենք համագործակցված քայլեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: Հաջորդ քայլը կլինի Իրկուտսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը Մարտունի, որից հետո կձեռնարկենք համագործակցության իրական ու տեսանելի քայլերը»,- տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Խոսրով Խլղաթյան
|