ԳԱՎԱՌ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի հետ քննարկեց Մարտունի քաղաքում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու եւ ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման առիթը օրեր առաջ «Ալաշկերտ» ակումբի նախագահի հայտարարությունն էր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ֆուտբոլի ժամանակակից մարզադաշտ կառուցելու եւ մարզադպրոց հիմնելու մասին:
«Ինչպես գիտեք, «Ալաշկերտ» թիմը նախկինում ներկայացրել է Մարտունի քաղաքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մտադիր եմ զարգացնել եւ մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում: Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլի մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:
Մի քանի տարի առաջ էլ ունեցել եմ նույն նպատակը, սակայն բանակցություններն այն տարիների մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հաջող ընթացք չեն ունեցել: Հիմա ակնկալում եմ համարժեք աջակցություն՝ համապատասխան հողատարածք հատկացնելու եւ մարզադպրոց հիմնելու համար: Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը:
Մարզադաշտի առկայության պարագայում արդեն իր տնային հանդիպումները կանցկացնի Մարտունիում եւ մեծ ուրախություն կպարգեւի մարտունեցի երկրպագուներին: Մենք, այո, շատ ունենք 12-րդ խաղացողի՝ հանդիսատեսի կարիքը: Իսկ ես համոզված եմ, որ Մարտունիում կունենանք երկրպագուների բազմահազարանոց բանակ: Միաժամանակ, ապագա մարզադպրոցում կաճեն տեղի շնորհալի շատ ֆուտբոլիստներ»,- նշեց Բագրատ Նավոյանը: «Ալաշկերտ» ակումբի նախագահի առաջարկին դրական արձագանքեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարտունու «Ալաշկերտ» թիմը սիրելի էր ոչ միայն քաղաքի, այլ նաեւ շրջանի գյուղերի երկրպագուների համար: Այդ թիմի կազմում խաղում էին մեր շրջանի գյուղերի շնորհալի ֆուտբոլիստներ: Համոզված եմ, որ հիմա էլ, երբ Մարտունիում վերականգնվեն ֆուտբոլային ավանդույթները, շատ շնորհալի երեխաներ ի հայտ կգան, մարդիկ կշարունակեն իրենց ժամանցը կապել հարազատ թիմի հետ:
Մենք կանենք հնարավորը, որպեսզի Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու Ձեր ծրագրերը կյանքի կոչվեն: Շատ ուրախալի է, որ Սեւան քաղաքից հետո Մարտունիում ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման հեռանկարներ են բացվում»,- նշեց Մարզպետ Գնել Սանոսյանը: Առաջարկին դրական արձագանքեց նաեւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: «Քաղաքի իշխանությունները լիովին պատրաստակամ են՝ մարզադաշտի եւ ֆուտբոլի դպրոցի կառուցման համար համապատասխան հողատարածք հատկացնելու: Մենք հիմա «Ալաշկերտ» ակումբի նախագահի հետ քննարկում ենք երկու հիմնական տարբերակ, որոնցից արդյունավետն ընտրելու դեպքում սկսելու ենք գործնական քայլերը:
Կարծում եմ, որ շատ շուտով մենք կգանք ընդհանուր հայտարարի եւ փոխադարձ համաձայնությամբ կընտրենք մարզադաշտի կառուցման վայրը: Մեր առաջնահերթ նպատակներից մեկն էլ Մարտունի քաղաքին ֆուտբոլային նախկին համբավը վերադարձնելն է, Մարտունու «Ալաշկերտ» թիմի ձեռքբերումները վերականգնելը: Մենք ունենք ֆուտբոլի մանկապատանեկան թիմ, որը զգալի հաջողություններ է գրանցում հանրապետական ստուգատեսներում: Ի դեպ, այդ մանկապատանեկան թիմի արտագնա խաղերի մեկնման ծախսերը հոգում է հենց Բագրատ Նավոյանը: Հավատացած եմ, որ Բագրատ Նավոյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մենք կստեղծենք ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոց, կաճեցնենք շնորհալի ֆուտբոլիստներ, որոնք Մարտունուն կվերադարձնեն ֆուտբոլային նախկին նվաճումները:
Այո, հասունացել է պահը, որ մեր քաղաքն էլ Հայաստանի բարձրագույն խմբում խաղալու հայտ ներկայացնի»,-հավաստեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Բագրատ նավոյանը միաժամանակ հույս հայտնեց, որ հողատարածքի հատկացման դեպքում Մարտունիում ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել 2019 թվականի մարտից:
Խոսրով Խլղաթյան
|