ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ: Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության և պայծառակերպության տոնով:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա դույլերով և տարբեր տարաներով ջուր ցողելն է՝ լինի տղամարդ թե կին, ծեր թե երեխա, ծանոթ թե անծանոթ: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ, իսկ երեխաների և երիտասարդների համար այն տարվա ամենասպասված և սիրելի օրն է: Վարդավառը թերևս միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը համախմբելու խորհուդն ունի:
|